Զարմանալի մարդ էր հայրս։ Առաջին հայացքից իրարամերժ թվացող հակումները մեկտեղվել ու մի ամբողջական խառնվածք էին դարձել նրա մեջ։ Առհասարակ ազնիվ էր‚ անկեղծ‚ կենսախինդ ու պարզ‚ անարդարություն նկատելիս՝ ըմբոստ ու կտրուկ‚ ընկերների հանդեպ՝ մեղմ ու հանդուրժող‚ աշխատելիս՝ ինքնամփոփ և ուշադիր‚ երբեմն՝ անզուսպ ու բռնկուն‚ երբեմն՝ ներողամիտ ու հոգատար։

Ծնվել է 1930 թ. օգոստոսի 14-ին‚ Վանից գաղթած հոր՝ Արշավիրի և շատախցի մոր՝ Իսկուհու ընտանիքում։ Այս երկու կողմերի միությունը‚ համեմված տատիկի՝ Շամամի հեքիաթներով ու պատմություններով‚ ստեղծել էր ներդաշնակ ու համերաշխ մի ընտանիք‚ որի միջավայրում մեծանում ու ձևավորվում էին Սուրենը և քույրը՝ Սեդան։

Հայրս հաճախ էր պատմում իրենց անցկացրած երեկոների‚ ընկերական հանդիպումների մասին։ Հավաքվում էին վանեցիներ Վահե Միքայելյանը՝ թարգմանիչ‚ կուսակցական գործիչ Հովհաննես Մոկացյանը կնոջ՝ երգչուհի Ագապիի հետ‚ ինժեներ Մարգո Նազարյանը։ Գալիս էր նաև Մարո Ալազանը։ Վերհիշում էին տարբեր պատմություններ‚ խոսում էին առօրյա խնդիրներից‚ երգում էին և Վանը‚ Շատախը այնքան մոտ ու հարազատ էին թվում։

Դպրոցից արդեն զգացվում էր Սուրենի հետաքրքրությունը գրականության հանդեպ։ Գրում էր բանաստեղծություններ‚ մասնակցում դպրոցական պատի թերթի աշխատանքներին‚ հանդես էր գալիս ֆելիետոններով։ Թվում էր‚ թե կանխատեսելի էր ընտրելիք մասնագիտությունը և հետագա ճանապարհը‚ բայց դպրոցն ավարտելուց հետո (1947թ.) հայրս գործերը հանձնեց Երևանի Բժշկական ինստիտուտ և... ընդունվեց։

Հետագայում հաճախ էր անդրադառնում այս փաստին։ Պատմում էր. «Համադասարանցուս և մտերիմ ընկերոջս՝ Էմիլ Գաբրիելյանի հայրը‚ նոր էր վերադարձել աքսորից՝ Սիբիրից։ 10-րդ դասարանում էինք սովորում։ Մի անգամ հարցրեց‚ թե ինչ ենք մտադիր անել ավարտելուց հետո։ Ոգևորված ասացի՝ բանասիրական եմ գնալու։ Երկար նայեց ինձ ու Էմիլին և ասաց. «Սիբիրում կարողացել եմ գոյատևել միայն այն բանի շնորհիվ‚ որ սրսկել գիտեի։ Ոչ ոք չգիտի‚ թե ապագայում ինչեր են լինելու։ Լսեք խորհուրդս՝ բժիշկ դարձեք։ Միգուցե դա հետագայում ինչ-որ բաներից կփրկի»։ Հետևելով ընկերոջս հոր խորհրդին‚ որոշեցի բժիշկ դառնալ։ Ցավոք‚ շատ շուտով հասկացա‚ որ սխալվել եմ։ Ինչ վերաբերվում էր Էմիլին‚ նրա ընտրությունը շատ ճիշտ էր։ Դա հաստատեց նաև հետագա կյանքը»։

Բժշկական ինստիտուտում հայրս զբաղված էր... հոդվածներ ու պամֆլետներ գրելով։ Մեկ տարի անց՝ 1948-ին‚ նա արդեն Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող էր։ Խոստումնալից երիտասարդներ կային կուրսում՝ Վարդգես Պետրոսյան‚ Ալբերտ Շարուրյան‚ Պողոս Պողոսյան։ Լսում էին այնպիսի մեծերի դասախոսություններ‚ ինչպիսիք էին Հրաչյա Աճառյանը‚ Մանուկ Աբեղյանը‚ Արսեն Տերտերյանը‚ Գրիգոր Ղափանցյանը և այլք։

Հինգ տարվա ուսումնառությունից հետո՝ 1953 թ.‚ աշխատանքի է տեղավորվում «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես թարգմանիչ։ Հետագայում այդ տարիները հիշելով‚ պատմում էր. «Սկսեցի շփվել այնպիսի մարդկանց հետ‚ ում տեսնում էինք միայն թատրոնների բեմերում և էկրաններին։ Կենդանի լեգենդներ էին՝ Հրաչյա Ներսիսյան‚ Վահրամ Փափազյան‚ Դավիթ Մալյան‚ Բաբկեն Ներսիսյան‚ Մետաքսյա Սիմոնյան‚ Վարդուհի Վարդերեսյան ...‚ ովքեր իրենց պահում ու շրջապատի հետ շփվում էին պարզ ու անմիջական»։

Հետագայում հայրս շատերին անդրադարձավ իր հուշերում։ Ցավոք‚ դրանց մի մասը դեռևս չի տպագրվել։

«Հայֆիլմից» հետո՝ 1956 թ.‚ աշխատանքի տեղավորվեց «Պիոներ կանչ» թերթում։ Ոճաբանի աշխատանքը հղկեց Սուրեն Շտիկյանի բանասիրական հմտությունները‚ և կարճ ժամանակ անց՝ 1958-ից ստանձնեց գիտաշխատողի պաշտոնը ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Աշխատանքին զուգընթաց սովորում է ինստիտուտին կից ասպիրանտուրայում‚ որի ավարտին պաշտպանում է գիտական թեզ՝ «Ղ.Ալիշանի հայրենասիրական պոեզիան» թեմայով ու ստանում բանասիրական գիտություններ թեկնածուի աստիճան (1961թ.)։

Եվ սկսվում են Սուրեն Շտիկյանի բանասիրական պրպտումները Ղևոնդ Ալիշանի՝ բանաստեղծի‚ հրապարակախոսի‚ գիտնականի մասին նյութերի հավաքելու ուղղությամբ։ Իսկ Ալիշանի մասին նյութերը սփռված էին տարբեր երկրների գրադարաններում ու մատենադարաններում։ Ավելի ամբողջական դարձնելու համար իր ուսումնասիրությունները‚ հայրս դիմում է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը՝ Ալիշանի նամակների լուսապատճենները ստանալու խնդրանքով։

Այս տքնաջան աշխատանքի արդյունքը հանդիսացան «Ղ.Ալիշանի հայրենասիրական քնարը»‚ «Ղ.Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը»‚ «Ալիշանը ժամանակակիցների հուշերում»‚ «Ղ.Ալիշան «Երկեր»» ուսումնասիրությունները։ 1970թ.՝ Ալիշանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ‚ Վենետիկի Մխիթարյանները Ս.Շտիկյանին պարգևատրեցին «Ղևոնդ Ալիշան» հոբելյանական մեդալով։

Զուգահեռաբար նա զբաղվում էր նաև հայ նոր գրականության ժամանակագրությամբ։ Այս‚ հիրավի‚ մեծարժեք աշխատությունը‚ որն ընդգրկում է 1851-1875թ.թ. (բաղկացած է 3 հատորից և‚ ցավոք‚ մնաց անավարտ)‚ վկայում է հեղինակի գիտահետազոտական պատկառելի փորձը հայ նոր գրականությունը ժամանակագրական կարգով դասդասելու առումով։

1980թ. «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակի համար Սուրեն Շտիկյանը‚ ի թիվս այլոց‚ արժանացավ ՀՍՍՀ Պետական մրցանակի։

Հորս աշխատանքի հաջորդ հանգրվանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն I-ի կյանքի ու գործունեության ուսումնասիրությունն էր։ Պատմում էր. «Մի օր Գրականության ինստիտուտի տնօրեն Էդ. Ջրբաշյանը իր մոտ կանչեց ու զարմացած-տարակուսած հայացքով ինձ մեկնեց մի գրություն։ Վազգեն I կաթողիկոսը խնդրում էր նրա համաձայնությունը‚ որ ես ինստիտուտին զուգահեռ աշխատեի Էջմիածնում և կազմեի Վեհափառի կյանքի ու գործունեության տարեգրությունը։ «Սուրեն ջան‚ ախր դու կոմունիստ ես‚ գրականությամբ ես զբաղված‚ ես դեմ չեմ‚ իհարկե‚ որ հոգևորականի կյանք ուսումնասիրես‚ բայց հանկարծ դրանից մի բան դուրս չգա...»։

Աշխատանքային այս համագործակցությունը հետագայում վերաճեց մտերմության։ Վեհափառի հետ ունեցած երկարատև զրույցները‚ երեկոյան զբոսանքները հորս համար բացահայտեցին մի նոր աշխարհ‚ գիտնական-մտածողի‚ քաղաքական և կրոնական գործչի մի ուրույն ճանապարհ‚ որը երբեք հեշտ չէր ընթացել։ Մեծագույն հաճույքով ու պատասխանատվությամբ էր կատարում իրեն վստահված աշխատանքը‚ չդադարելով զարմանալ ու հիանալ Վազգեն I կաթողիկոսի համար ուսումնասիրության առարկա հանդիսացող բնագավառների բազմազանությամբ և աշխարհընկալման խորությամբ։

Արդյունքը եղան՝ «ՆՍՕՏՏ Վազգեն I Կաթողիկոս Ամենայն Հայոց. Համառոտ տարեգրություն (1908-1955)»‚ «ՆՍՕՏՏ Վազգեն I Կաթողիկոս Ամենայն Հայոց. Ժամանակագրություն (1908-1988)»‚ «ՆՍՕՏՏ Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մատենագիտություն» ուսումնասիրությունները և ՆՍՕՏՏ Վազգեն I Ամենայն հայոց կաթողիկոսի «Գալիքի տեսիլքով» հոդվածների ժողովածուի 2 հատորները։

Պատմում էր. «Արդեն տպարանում էր Վեհափառի «Տարեգրությունը»‚ երբ մի օր ինձ շտապ կանչեցին Վեհարան։ Վեհափառը‚ իրեն հատուկ մեղմ ժպիտով‚ ասաց. «Պարոն Սուրեն‚ դուք գրական կեղծանուն ունե՞ք»։ Տեսնելով տարակուսած հայացքս‚ հավելեց. «Թերևս ճիշտ չի լինի‚ եթե գիրքը տպագրվի Ձեր ազգանունով։ Դուք կուսակցական եք‚ դա կարող է շատերին դուր չգալ»։ Ասացի՝ Վեհափառ‚ հասկանում եմ ինչ եք ուզում ասել‚ բայց այսպես վայրկենապես դժվարանում եմ որևէ անուն մտածել։ Վեհափառը նայեց ինձ ու հիշեցրեց՝ Է՜‚ պարոն Սուրեն‚ Դուք ասում էիք‚ որ Ձեր հայրը վանեցի է։ Եկեք այդպես էլ Ձեզ կոչենք՝ Սուրեն Շ. Վանեցի։ Այդպես Ամենայն Հայոց կաթողիկոսը ինձ համար գրական անուն կնքեց»։

Իհարկե‚ թվարկած բնագավառներին զուգահեռ հայրս գրում էր նաև հոդվածներ բազմաբնույթ թեմաներով‚ հյուրընկալվում էր հեռուստա-ռադիոհաղորդումների‚ քայլում էր ժամանակին համընթաց և քննարկման առարկա էր դարձնում օրվա հուզող թեմաները‚ իր սերնդակից ու նաև՝ անցյալի դեմքերին։ Առանձին հետաքրքրություն էր հանդես բերում արևմտահայ գրող‚ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանի կյանքի ու գործունեության հանդեպ‚ տարբեր պարբերականներում ու հանդեսներում տպագրելով բազմաթիվ հոդվածներ։ Ոսկանյանի գրական ժառանգությունը խորությամբ ուսումնասիրելու և բնագրով կարդալու նպատակով‚ հայրս հասուն տարիքում ինքնուրույն սովորեց... ֆրանսերեն։ Ճիշտ է‚ ոչ այն քան հստակ առոգանության պատճառով բանավոր խոսքը‚ միգուցե‚ թերանում էր‚ բայց գրական աղբյուրներից նա կարողանում էր օգտվել և Ստ. Ոսկանյանի գրական գործունեությանը ծանոթանում էր հիմնականում բնագրով։

Ազատ ժամերին սիրում էր զբաղվել հուշագրությամբ։ Ընդհանրապես նրա օրագրերն ու հուշերը աչքի են ընկնում մտերմիկ‚ անկաշկանդ լեզվով և վերակենդանացնում ու նորովի են ներկայացնում վաղուց մոռացված դեպքերն ու դեմքերը։

Հայրս հաճախ էր սիրում կրկնել. «Իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ գրել մի նախադասություն‚ մի տող‚ որի համար հետագայում ափսոսամ կամ անհարմար զգամ»։

Սա‚ թերևս‚ ամենակարևորն է...


Տաթևիկ Շտիկյան