Քալանթարյանների տոհմը սերում է Արցախից, ու սկզբնապես կոչվել է Մելիք–Քալանթարյան: Հետո, արդեն ստալինյան բռնապետության ժամանակ, ազգանունից հանել են խոհեմաբար «Մելիք» մասնիկը: Այդ տարիներին «Մելիք» լինելը այնքան էլ չէր խրախուսվում: Այսինքն՝ հարյուրամյակներ առաջ էլ հայ մելիք լինելն անվտանգ չէր: Պատահական չէր, որ Մելիք–Քալանթարյանների գերդաստանն էլ ստիպված էր թողնել հայրենի Արցախն ու սփռվել Հայաստանով ու ոչ միայն Հայաստանով մեկ: Արտաշես Քալանթարյանի նախնիները հաստատվեցին Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում: Այսօր էլ գյուղում լեգենդներ են պատմում Աշխարհբեկ ու Ասլան Քալանթարյանների, Ալեքսան բեկի մասին: Իսկ «դրացի ազերիները» գյուղն անվանում են ոչ այլ կերպ, քան՝ «Քալանթարլի»:
Ալեքսան բեկը Արտաշեսի պապն էր... պապը բեկ էր, իսկ հայրը՝ Փիրաղան արդեն շարքային խառատագործ՝ Ձերժինսկու անունը կրող գործարանում: Տարօրինակ բարի ու միամիտ մարդ էր Փիրաղա ապերը: Ամենածանր բանը նրա համար մենակ սեղան նստելն էր, ու դրա համար էլ գործից հետո երկար շրջում էր կոլխոզշուկայի մատույցներում ու հենց հարազատ բարբառն էր լսում, գյուղացուն համոզում, թևից բռնում ու բերում էր տուն, հանում հոնի օղին, հյուրասիրում ու երկար–երկար զրուցում անցած–գնացած օրերի, դեպքերի ու մարդկանց մասին:
Անհնարին էր նրան համոզել, թե ինչ–որ պաշտոնյա կարող է խաբել իրեն.
- Նա ո՞նց կխաբի է,- զայրանում էր Փիրաղա ապերը,- նա «գալստուկ» ա կապում...
Կարծես այդ փողկապավորները չէին, որ վախի, ատելության ու մատնության ցանցով էին պատել ողջ երկիրը, որ անարգել թալանում ու գողանում էին, կարծես նրանց պատճառով չէր, որ աշխատավոր մարդը չէր կարողանում կերակրել իր ընտանիքը, որ Արտաշեսը ստիպված էր 15 տարեկանից սովորելուն զուգընթաց աշխատել դատախազությունում որպես ցրիչ, հետո՝ արխիվի վարիչ, և անգամ բեռնակիր՝ Երևանի պահածոների գործարանում այն ժամանակ, երբ արդեն ուսանում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Տարօրինակ մի աստղաբույլ էր հավաքվել հիսնականների սկզբին ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ջահել տղաներ ու աղջիկներ, որ գուցե չունեին վայելուչ հագուստ, գուցե կիսաքաղցած էին, բայց փոխարենը մի մեծ հավատ ունեին, որ ի վերջո երկիրը ոտքի կկանգնի, որ արդարությունը կհաղթի, որ բարին կհաղթանակի... ու վստահ, որ մի քանի ճշմարտություն լինել չի կարող, որ ճշմարտությունը մեկն է, ու որ հենց իրենց է վիճակված լինել այդ բարու ու չարի պայքարի առաջին գծում:
Առաջին ֆելիետոնը գրեց չորրորդ կուրսում, հենց իրենց դասախոսի մասին, կոչվում էր՝ «Ֆելիետոնի դասախո՞ս, թե՝ հերոս»: Սակայն դասախոսի պատասխան մանր–մունր «խարդավանքները» մանկական կատակ կարելի էր համարել այն բանի դեմ, ինչ տեղի ունեցավ հաջորդ ֆելիետոնից հետո... Դրա հերոսը այն օրերի հզորներից մեկն էր, մարդ, որ հանգիստ խղճով թալանում էր քաղաքի առևտրի խոշորագույն կենտրոններից մեկը, ու քանի որ գողոնից բաժին էր հանում նաև իր պաշտոնյա ընկերներին, ապա, բնականաբար, էլ ավելի հզոր ընկերներ ու թիկունք ուներ: Չկարողանալով հերքել ֆելիետոնի փաստերը՝ հակառակորդները դիմեցին հակահարձակման լավագույն տարբերակին՝ ամեն կերպ վարկաբեկել հեղինակին, այնպես, որ նա ժամանակ ու հնարավորություն չունենա հետամուտ լինելու ֆելիետոնի հետագա ճանապարհին: Եվ գործի դրվեցին հնարավոր ու անհնարին բոլոր գործիքներն ու լծակները՝ անստորագիր նամակներից մինչև ամբաստագրեր ու մատնություն: Արտաշեսին մեղադրում էին հնարավոր բոլոր մեծ ու փոքր մեղքերի ու արատների մեջ՝ դասերից անհարգելի բացակայելուց սկսած մինչև կոմերիտականին ոչ վայել պահվածք, որը մասնավորապես դրսևորվում էր «հայրենիքի թշնամու» աղջկա հետ ընկերություն անելու մեջ: Ինչևէ, արդարությունը հաղթանակում է, հանվում են անհիմն մեղադրանքները, պատժվում է ֆելիետոնի հերոսը: Հաղթանա՞կ: Եթե այո, ապա պյուրոսյան հաղթանակ, երբ հաղթելուց գրեթե ոչինչ չես շահում: «Եթե այս պատմությունից որևէ բան շահեցի,- հետագայում պատմում էր Արտաշես Քալանթարյանը,- ապա հավատարիմ թշնամիներ», որոնք նախանձելի համառությամբ հետագա ողջ կյանքի ընթացքում ուղեկցեցին նրան:
Նաև այն, որ ստիպված էր հրաժարվել «Սովետական Հայաստան» թերթում իր համար ամրագրված ֆելիետոնիստի պաշտոնից ու մեկնել գյուղ:
«Կներես, ոչինչ չեմ կարող անել,- ասել էր թերթի խմբագիրն ու Արտաշեսի սիրելի դասախոսը,- շատ հզոր են թշնամիներդ: Ոչինչ, գնա գյուղ, աշխատիր, ուղիղ մի տարի հետո քեզ հետ կբերեմ»: Արտաշեսը աշխատեց որպես ռադիոյի թղթակից նախ՝ Իջևանում, հետո՝ Կիրովականում: Ի պատիվ իրեն՝ ուղիղ կես տարի անց զանգահարեց «Հայաստանի» խմբագիրը, և Արտաշեսը նշանակում ստացավ մայր թերթում:
1957 թվականին բացվեց «Երևան» թերթը, և Արտաշես Քալանթարյանը տեղափոխվեց քաղաքային նորաբաց թերթ՝ որպես քաղաքային տնտեսության և կենցաղի բաժնի վարիչ: Թե՛ «Հայաստանում», և թե՛ «Երևանում» աշխատելու տարիներին գրեթե ամեն շաբաթ Քալանթարյանը ընթերցողի դատին էր ներկայացնում հերթական սուր ֆելիետոնը, որտեղ առանց դեմքին ու դիրքին նայելու, ժանրի բոլոր հնարավորություններն օգտագործելով, անխնա ծաղրում էր բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը, գրոհայնությունը և հասարակարգին հատուկ այլ թերություններն ու արատները: Ամեն նոր ֆելիետոնի հետ ավելանում էր Քալանթարյանի երկրպագուների թիվը՝ «ներքևում»՝ ժողովրդի մեջ, և թշնամիների թիվը՝ «վերևում»՝ ղեկավարների շրջանում: Քանի՜–քանի՜ անգամ հերթական աղմկոտ ֆելիետոնից հետո ստիպված է եղել արդարանալ, շրջկոմների ու քաղկոմների բյուրոներում, որոնք ֆելիետոնի փաստերը քննելու փոխարեն, փորձում էին հեղինակի որևէ բացթողում գտնել ու պատժել չափազանց համարձակության համար: Նույնիսկ մի բյուրոյի ժամանակ քաղկոմի քարտուղարը մի կողմ դնելով դիվանագիտության բոլոր նորմերը՝ «արդարացել է» ֆելիետոնի հերոսի՝ իր ընկերոջ մոտ. «Արա, տեսնում ես, բոլոր փաստերը ճիշտ են, ես էս մարդուն ո՞նց պատժեմ»:
Բայց եթե շատ ես ուզում մեկից ազատվել, ի վերջո առիթ կգտնես: Այսինքն՝ առիթը տվեց հենց ինքը՝ Արտաշեսը: Քաջ գիտակցելով գլխի գալիքը՝ հրաժարվեց ֆելիետոն գրել մի հասարակ բանվորի դեմ: Հրաժարվեց, երբ տեսավ նրա բնակարանախուցը, կենցաղային պայմանները, ավելի ճիշտ՝ դրանց լիակատար բացակայությունը, հիվանդ զավակին և այդ պայմաններում նոր երեխա սպասող մորը: Հասկացավ, որ մեկ հոդվածով երեք իբր «ապրող» ու մեկ դեռ չծնված մարդու կյանք է կործանելու...
«Արտաշես Քալանթարյան և խղճահարությո՞ւն,- գոհունակությունից խեղդվելով գոչում էր հրահանգիչը հերթական բյուրոյի ժամանակ:- Նա, որ մինիստրներին չէր խղճում, ինչպե՞ս կարող էր հենց այնպես բանվորին խղճալ»:
Հենց այս երկաթե տրամաբանությամբ էլ հայտարարեցին կուսակցական առաջին, բայց ոչ վերջին նկատողությունը: Բայց, ինչպես ասում են, երբ աստված մի դուռ փակում է, մեկ այլ դուռ է բացում: Հրաչյա Հովհաննիսյանն առաջարկում է Արտաշեսին տեղափոխվել «Գրական թերթ»՝ որպես պատասխանատու քարտուղար:
«Բայց ես կուսակցական նկատողություն ունեմ»,- իր պարտքն էր համարել զգուշացնել Արտաշեսը:
«Ավելի լավ,- ասել էր Հովհաննիսյանը,- ուրեմն աշխատող տղա ես: Չաշխատողին կուսակցական նկատողություն չեն տալիս»:
Հետագա մի քանի տարիները հավանաբար ամենախաղաղն էին Քալանթարյանի կյանքում: Սիրելի աշխատանք, հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքների ու ճամփորդական նոթերի ժողովածու և, ամենակարևորը՝ մտերմություն ժամանակի խոշորագույն արձակագիր–բանաստեղծների՝ Սերո Խանզադյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ: Իդիլիան շարունակվում է մինչև 1969 թվականը, երբ լույս է տեսնում «Մարաթոնը»: Հաջողությունն աննախադեպ էր, ողջ տպաքանակը սպառվում է տառացիորեն մի քանի ժամում: Սակայն այդ «օրերի հզորները» վեպի բացասական կերպարների մեջ անսխալ իրենց են տեսնում, ու սկսվում է հալածանքների մի նոր շրջան: Նախ՝ փորձում են գրախանութներից հավաքել ողջ տպաքանակը, հետո՝ ստիպում «Գրական թերթի» խմբագրին «վերադասի բանավոր կարգադրության համաձայն» Արտաշեսին ազատել աշխատանքից: Ամբողջ մեկ տարի Արտաշեսը փորձում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները, ի վերջո՝ Անտոն Քոչինյանը կոմպրոմիսային լուծում է առաջարկում: Հետագայում Քալանթարյանը տխուր հումորով մեկնաբանում է.
«Տեսան, որ չեմ կարողանում իմ շահերը պաշտպանել, նշանակեցին Հեղինակային իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, որ բոլոր հեղինակների շահերը պաշտպանեմ»:
Մոտ մեկ տարի անց ՀՍՍՀ հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը Արտաշեսին հրավիրեց հեռուստատեսություն՝ սկզբում նրան հանձնելով երիտասարդական, ապա՝ դրամատիկական հաղորդումների խմբագրությունների ղեկավարությունը: Արտաշեսը վաղուց էր համագործակցում հայկական հեռուստատեսության հետ: Նրա երգիծական մանրապատումներն ու հաղորդումները՝ Ֆրունզիկ Մկրտչյանի, Թաթուլ Դիլաքյանի, Ավո Ջրաղացպանյանի, Դոնարա Մկրտչյանի, Արծրուն Մանուկյանի և այլ նշանավոր դերասանների մասնակցությամբ, վաղուց արդեն բարի համբավ էին բերել հեղինակին: Հեռուստատեսությունում Քալանթարյանի ամենամեծ ավանդը, սակայն, կարծում եմ հեռուստաթատրոնի ստեղծումն էր: Իրեն հատուկ համառության ու նպատակասլացության, հեղինակության և անձնական մտերմական կապերի շնորհիվ կարողացավ քաղաքի կենտրոնում թատրոնի համար շենք ձեռք բերել, նորոգել ու կահավորել այն, դերասանական հզոր կազմ հավաքել: Ու գրեթե ամեն երկուշաբթի հեռուստադիտողին էին ներկայացվում հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների բարձրարժեք բեմականացումներ: Հետագա տարիները ամենաբեղունն էին Քալանթարյանի ստեղծագործական կյանքում: Գրեթե իրար հետևից լույս են տեսնում «Կատակերգություններ», «Մի բուռ ծիծաղ», «Խոստովանություն», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Քննություն» վեպերն ու ժողովածուները, Սունդուկյանի, Պարոնյանի, Մռավյանի, Ստեփանակերտի, Կամոյի ու Ղափանի թատրոններում, Թբիլիսիում, Քութաիսում, Ռոստովում և Խարկովում բեմադրվում են «Քանի դեռ կամ», «Աշխարհի կենտրոնը», «Շատ ժամանակակից սպանություն», «Թիկունք» և այլ պիեսները, հեռուստաթատրոնում բեմադրվում են «Մովսես ապերն» ու «Բացեք ձեր աչքերը», որտեղ առաջին անգամ լրջորեն արծարծվում է «սպիտակ եղեռնի»՝ արտագաղթի խնդիրը և այլն:
Քալանթարյանին ամենամեծ ճանաչում բերեց Հայկական հեռուստատեսության առաջին հեղինակային՝ «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարը, որտեղ հուզական և երգիծական մանրապատումների, հեռուստադիտողների նամակների ու պատմությունների վերլուծության միջոցով Քալանթարյանը քննարկում էր մեր ընտանիքներում, մարդկային ու ընկերական հարաբերություններում տեղ գտած և դրական և բացասական երևույթները, խորհուրդներով, տիպական օրինակներով ստիպում մարդկանց ասես կողքից նայել իրենց ապրելակերպին, փոխհարաբերություններին, տեսնել, գիտակցել ու շտկել սեփական սխալներն ու վրիպումները:
Արտաշես Քալանթարյանի վերջին հրատարակված ստեղծագործությունը «Իսկ դո՞ւք որտեղ էիք» վեպն է: Այն ինչ–որ չափով ինքնակենսագրական է, հերոսը ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտած և հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկի թերթում աշխատանքի նշանակված Զավեն Շարաֆյանն է: «Իսկ դո՞ւք որտեղ էիք» հարցը որպես լեյտմոտիվ հնչում է ամբողջ վեպի ժամանակ: Ի՞նչ անել, աչքերը փակել անօրինությունների, «խոշոր չափերի հասնող հասկանալի ու անհասկանալի հանցագործությունների դեմ», գլուխը թաքցնել ավազի մե՞ջ, ալիբի՝ այլուրեքությո՞ւն ապահովել... որ երբ մի օր կանգնես ահեղ դատաստանի առջև, երբ մի օր պատասխան պահանջեն ու հարցնեն՝ «Իսկ դո՞ւք որտեղ էիք», հանգիստ խղճով ներկայացնես ալիբիդ ու ասես. «Ես նրանց հետ չեմ եղել, հանցանք չեմ գործել, ահա՝ ալիբի ունեմ...»:
Թե՛ ստեղծագործական, և թե՛ ամբողջ կյանքով՝ Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ: Ու եթե ահեղ դատաստանի օրը իսկապես հարցնեն, թե՝ «Իսկ դո՞ւք որտեղ էիք», ամենայն վստահությամբ կարող է ասել. «Այնտեղ ենք եղել... տեղում ենք եղել, դեպքի վայրում: Եվ մեր ձեռքից եկածի չափով, մեր ուժերի ու հնարավորությունների չափով ամեն ինչ արել ենք, որպեսզի պակասի հանցագործությունների թիվը, պակասի չափը... Որպեսզի չարիք գործողները հանգիստ ու ապահով չզգան իրենց ու նրանց չօրորի անպատժելիության գաղափարը»:
Այս սկզբունքին համաձայն է ապրել ու ստեղծագործել Արտաշես Քալանթարյանը, այս սկզբունքներն է պատգամել իր ստեղծագործությունների միջոցով շարունակում է պատգամել իր ընթերցողին: