Ալեքսեյ Արշալույսի Մակարյան

Պատմական Գիտությունների Դոկտոր, Պրոֆեսոր

Կենսագրություն

Ալեքսեյ Արշալույսի Մակարյանը ծնվել է 1940թ. փետրվարի 17-ին Երեւան քաղաքում, մանկավարժի ընտանիքում: Երեւանի #10 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1956թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1961թ., ստանալով պատմաբանի որակավորում:

Համալսարանը ավարտելուց հետո 1961-1967 թվականներին աշխատել է Հայաստանի կոմերիտական եւ կոմունիստական կուսակցության կազմակերպությունների ղեկավար մարմիններում: 1977թ. նա ընտրվել է Երեւանի քաղաքային խորհրդի գործկոմի պատասխանատու քարտուղար եւ 14 տարի աշխատել է այդ պաշտոնում:

Ա. Մակարյանը 1991 թվականից' սկզբում որպես ավագ դասախոս, այնուհետեւ՝ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ աշխատել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնում:

2009 -2012 թթ Ալեքսեյ Մակարյանը աշխատել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի զանգվածային հանդիսությունների ռեժիսյուրայի եւ մշակութաբանության ամբիոնում:

Ա. Մակարյանը 2012-2014թթ. բնակվել է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նա, վատառողջ լինելու պատճառով, չի աշխատում, սակայն շարունակում է զբաղվել գիտա-հետազոտական աշխատանքով:

Ալեքսեյ Մակարյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: Կինը՝ Լուիզա Բագրատի Մակարյանը (փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դոցենտ), մահացել է 2017թ.ին:

Գիտական ձեռքբերումները

1976թ. Ալեքսեյ Մակարյանը պաշտպանել է թեկնածուական թեզ Երեւանում, իսկ 1993թ.' դոկտորական թեզ Սանկ Պետերբուրգում եւ ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նա 2000թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

Մակարյանի թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունները, մենագրությունները եւ գիտական հոդվածները (շուրջ 30) նվիրված են երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հարավային Կովկասի եւ մասնավորապես, Հայաստանի պատմությանը, Հարավային Կովկասի հանրապետությունների քաղաքական, հասարակական միավորումների գործունեությանը, նրանց դերին ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարելու համար երկրամասի ժողովուրդներին համախմբերու գործում, հայ ժողովրդի մասնակցությանը պատերազմին:

Ալեքսեյ Մակարյանը պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, մեդալներով եւ պատվոգրերով: