Րոբըրթ Շեքլի
Պաշտպանություն
Բիրմայում ինքնաթիռ կընկնի մյուս շաբաթ, բայց դա ինձ վրա չի ազդի այստեղ Նյու Յորքում: Եվ Ֆիիգերը չեն կարող ինձ վնասել: Քանի դեռ, իհարկե բոլոր պահարանների դռները փակ են:
Չէ, ամենադժվար բանը լեսնրայզ չանելն է: Ես ոչ մի դեպքում չպետք է լեսնրայզ անեմ: Բացարձակապե'ս չի կարելի: Ու ինչպես կենթադրեք, դա ինձ բավականին խանգարում է:
Այդ ամենը հերիք չէր՝ կարծես մոտս տհաճ հարբուխ է սկսվում:
Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի յոթի երեկոյան: Ես Բրոդվեյով դեպի Բեյքրի Կաֆե էի քայլում: Տրամադրությունս լավ էր, քանի որ մի քանի ժամ առաջ ֆիզիկայից բարդ քննություն էի հաջողությամբ հանձնել:
Որպեսզի պատկերը կատարյալ լինի, ասեմ նաև, որ քամին փչում էր հյուսիս-արեւմուտքից ժամում հինգ մղոն արագությամբ: Երկնքում Վեներան բարձրանում էր եւ լուսինը բավականին խոշոր էր: Դուք կարող եք ձեր եզրակացությունները անել նկարագրածիցս:
Հասա 98-րդ փողոցին եւ սկսեցի այն անցնել: Հենց որ մայթից ցած իջա, մեկը բղավեց «Բեռնատա՜րը: Ուշադի՜ր, բեռնատարը:»
Ես հետ թռա, անհանգստացած աջ ու ձախ նայելով: Տեսադաշտում ոչինչ չկար: Հետո, մեկ վայրկյան անց, անկյունից մեծ արագությամբ մի բեռնատար հայտնվեց , հատեց գծերն ու կարմիր լույսի տակով սլացավ Բրոդվեյով վեր:Առանց այդ զգուշացման, այն ինձ տակը կգցեր:
●
Դու հաստատ լսել ես այդպիսի պատմություններ: Միննի մորաքրոջը զգուշացրած տարօրինակ ձայնի մասին, որի շնորհիվ նա չի օգտվել այն վերելակից, որն ընկել է նկուղ: Կամ գուցե այդ ձայնը զգուշացրել է քեռի Ջոին Տիտանիկով չնավարկել: Ու այդտեղ սովորաբար պատմությունն ավարտվում է:
Երանի իմ պատմությունն էլ այդտեղ ավարտվեր:
«Շնորհակալությո՛ւն, եղբայր», ասացի ես շրջվելով: Մարդ չկար:
«Դու ինձ դեռ լսո՞ւմ ես», հարցրեց ձայնը:
«Իհարկե լսում եմ»: Ես մի անգամ էլ պտտվեցի շուրջս եւ կասկածանքով զննեցի մոտակա բնակարանների փակ պատուհանները: «Բայց ո՞ր գրողի ծոցում ես դու թաքնվել»:
«Գրոնիշում», բացատրեց ձայնը, «Հասկացա՞ր սահմանումը: Ռեֆրակցիայի ինդեքս: Աներեւույթ էակ: Ստվերի կերպ: Ճի՞շտ եմ բացատրում»:
«Դու անտեսանելի ես» առաջարկեցի ես:
«Հա էլի»
«Բայց ի՞նչ ես դու»
«Վալիդուզյան դերգ»
«Ի՞նչ ի՞նչ»
«Ես… մի քիչ բարձր խոսիր : Սպասիր տեսնեմ: Նախկին Ծննդյան տոների ոգին եմ: Սեւ ճահճի էակը: Ֆրենկենշտայնի հարսնացուն: Այն…»
«Մի րոպե», ասացի ես, ուզում ես ասել… որ դու այլմոլորակային ուրվական կամ արարած ե՞ս»:
«Ակնհայտորեն դա նույն բանն է», պատասխանեց Դերգը:
Ամեն ինչ լիովին ակնհայտ էր: Նույնիսկ հիմարը կարող էր տեսնել որ ձայնը պատկանում է այլմոլորակայինի: Նա անտեսանելի էր երկրի վրա, բայց արտակարգ զգայարանները թույլ էին տվել նրան կանխազգալ վտանգը եւ զգուշացնել ինձ:
Սովորական, ամենօրյա արտանորմալ դիպված:
Ես սկսեցի արագ Բրոդվեյով ներքեւ քայլել:
«Ի՞նչ պատահեց», հարցրեց անտեսանելի Դերգը:
«Ոչինչ էլ չպատահեց», պատասխանեցի, «ուղղակի կողքից տպավորությունն այն է, որ ես կանգնած եմ փողոցի մեջտեղում եւ զրուցում եմ հավանաբար տիեզերքի հեռավոր մատույցների անտեսանելի այլմոլորակայինի հետ: Հուսով եմ մյուսները քեզ չե՞ն լսում»:
«Բնականաբար»:
«Հիանալի է: Իսկ գիտե՞ս սրա պատճառով ես որտեղ կհայտնվեմ»:
«Քո մտքի ընթացքն այնքան էլ պարզ չի ինձ համար»:
«Հոգեբուժարանում: Գժանոցում: Խելառների տանը: Այնտեղ են մեկուսացնում այն մարդկանց, ովքեր անտեսանելի այլմոլորակայինների հետ են խոսում: Բարի գիշեր»:
●
Գլխապտույտս արհամարհելով ես թեքվեցի արեւելք, հուսալով որ իմ անտեսանելի ընկերը կշարունակի շարժվել Բրոդվեյով ներքեւ:
«Կխոսե՞ս հետս», հարցրեց Դերգը:
Ես գլուխս տարուբերեցի - անմեղ շարժում , որին, հուսով էի, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի ու շարունակեցի քայլել:
«Բայց դու պե՛տք է ինձ հետ խոսես», ասաց Դերգը: Նրա ձայնում հուսահատություն էր հնչում: «Իրական ենթաձայնային կապ հաստատելը շատ հազվագյուտ եւ զարմանալիորեն դժվար բան է: Երբեմն ես կարող եմ կապվել եւ հասցնել զգուշացնել հենց վտանգի պահին: Հաճախ էլ կապը կորում է»:
Ուրեմն Միննի մորաքրոջ կանխազգացումները բացատրություն ունեն: Բայց միեւնույն է, ինձ այդպիսի բաներ պետք չեն:
«Հնարավոր է որ հարյուր տարի այսպիսի հարմար պայմաններ չլինեն», ասաց Դերգը վշտացած ձայնով:
Ի՞նչ պայմաններ: Գրպանիս հինգ մետաղադրամի եւ երեք բանալու չխկչխկա՞լը Վեներայի ծագելու ընթացքո՞ւմ: Վատ չէր լինի, եթե ինչ որ մեկը հետազոտեր, բայց այդպիսի բաները ինձ համար չեն: Գերբնական երեւույթներն անհնար է ապացուցել: Արդեն բավականաչափ մարդիկ կան մեկուսարաններում, որ զբաղված են իրենց զսպաշապիկները ասեղնագործելով: Բոլորովին կարիք չկա որ ես էլ նրանց միանամ:
«Ինձ հանգիստ թող», ասացի: Մի ոստիկան զարմացած հայացք գցեց ինձ վրա: Ես անմեղ ժպտալով արագացրեցի քայլերս:
«Հասկանում եմ քո սոցիալական դրությունը», շարունակեց Դերգը, «բայց մեր այս շփումը հենց քեզ է ձեռնտու: Ես ուզում եմ քեզ պաշտպանել մարդկային կյանքի անհամար վտանգներից»:
Ես նրան չպատասխանեցի:
«Լավ», ասաց Դերգը, «Չեմ կարող քեզ ստիպել: Ես իմ ծառայությունն այլ տեղ կառաջարկեմ: Ցտեսություն, եղբայր»:
Ես գլխով համաձայնություն տվեցի:
«Մի բան էլ », ասաց նա, «Վաղը կեսօրից միչեւ մեկն անց տասնհինգը աշխատիր խուսափել մետրոյից: Ցտեսություն:»
«Ի՞նչ: Ինչո՞ւ:»
Կոլումբոս Սըրքլ կայարանում մարդ կմահանա: Հրմշտոց կլինի եւ նա կընկնի մոտեցող գնացքի տակ: Այդ մարդը դու կլինես, եթե այնտեղ լինես: Ցտեսություն»:
«Մեկը վաղը կմահանա՞»: Ես հարցրեցի: «Դու համոզված ե՞ս»:
«Իհարկե»:
«Եւ այդ մասին թերթերը կգրե՞ն»:
«Պիտի որ գրեն»:
«Իսկ դու շա՞տ այդպիսի բաներ գիտես»:
«Ես կարող եմ զգալ ժամանակի առանցքով քո ուղղությամբ ճառագայթող վտանգները: Իմ միակ ցանկությունը քեզ այդ վտանգներից պաշտպանելն է:»
Ես կանգ էի առել: Երկու աղջիկ քրքջում էին, կարծելով թե ինքս ինձ հետ եմ խոսում:
«Լսիր», շշնջացի ես, «կարո՞ղ ես մինչեւ վաղը երեկո սպասել»:
«Իսկ դու թույլ կտա՞ս քո պաշտպանը դառնամ:» Դերգի հարցում անհամբերություն էր զգացվում:
«Վաղը կպատասխանեմ», ասացի ես: «Թերթը կարդալուց հետո»:
●
Հոդվածն իրոք այնտեղ էր: Ես այն կարդացի 113-րդ փողոցի վրա գտնվող իմ կահավորված սենյակում: Ամբոխը հրել էր մի մարդու, որը հավասարակշռությունը կորցրել եւ ընկել էր մոտեցող գնացքի տակ: Ես խորը մտածմունքների մեջ էի իմ անտեսանելի պաշտպանին սպասելիս:
Չգիտեի ինչ անել: Կարծես նրա օգնության առաջարկը բավականին անկեղծ էր: Բայց ես վստահ չէի, թե ցանկանում եմ դա: Երբ մեկ ժամից Դերգը կապվեց ինձ հետ, այդ պաշտպանության գաղափարն արդեն բոլորովին դուր չէր գալիս ինձ եւ ես այդ մասին ասացի նրան:
«Դու ինձ չե՞ս վստահում», հարցրեց նա:
«Ես ուղակի ցանկանում եմ նորմալ կյանքով ապրել»:
«Եթե դու ընդհանրապես կարողանաս շարունակել ապրել», նա ինձ հիշեցրեց, «այն երեկվա բեռնատարը…»
«Դե դա պատահար էր, կյանքում մեկ անգամ է այդպիսի բան լինում»:
«Մարդ կյանքում մեկ անգամ է մահանում», տխուր ձայնով ասաց Դերգը: «Հետո մի մոռացիր մետրոյի դեպքը»:
«Դե դա հաշիվ չի: Ես այսօր չէի պատրաստվում մետրո նստել»:
«Բայց կարեւորն այն է, որ դու որեւէ պատճառ չունեիր մետրո չնստելու: Նույն տրամաբանությամբ էլ դու պատճառ չունես հաջորդ մի ժամվա ընթացքում լոգանք չընդունելու»:
«Իսկ ինչո՞ւ պետք է չլողանամ»:
«Ոմն օրիորդ Ֆլինթ», Դերգն ասաց, «որն ապրում է միջանցքի ծայրում, հենց նոր իր լոգանքն ավարտեց, եւ հատակի վարդագույն սալիկի վրա գցել է հալված վարդագույն օճառի մի կտոր: Դու կսահես այդ օճառի վրա եւ ձեռքդ կվնասես»:
«Հը, հո դա էլ մահացու չի»:
«Չէ՛, նույնիսկ համեմատելի չի , ասենք, ցնդած մի ջենթլմենի՝ տանիքից նետած ծանր ծաղկամանի հարվածի հետ»:
«Իսկ դա՞ երբ է լինելու», հարցրեցի:
«Ինձ թվաց դու հետաքրքրված չես»:
«Ես շատ հետաքրքրված եմ: Ե՞րբ: Որտե՞ղ»:
«Իսկ դու թույլ կտա՞ս, որ քեզ շարունակեմ պաշտպանել», հարցրեց նա:
«Ինձ մի բան բացատրիր», ասացի: «Քո՞ շահն այստեղ ինչ է»:
«Բավականությո՛ւնը», ասաց նա: «Ամենամեծ բերկրանքը վալիդուզյան դերգի համար այլ էակներին օգնելն է:»
«Բայց դու իսկապե՞ս ուրիշ օգուտ չունես այդ ամենից: Մի մանրուք, ինչպիսին է, օրինակ իմ հոգին, կամ աշխարհի տիրակալը դառնալը:»
«Ինձ ոչինչ պետք չի: Եթե ես պաշտպանության դիմաց վճար ստանայի, դա լրիվ կկործաներ հոգեկան բավարարվածությունը: Ես… բոլոր դերգերը կյանքում միայն մի բան են ցանկանում՝ պաշտպանել մեկին վտանգներից, որոնք մենք լավ ենք տեսնում, իսկ նրա համար դրանք անտեսանելի են»: Դերգը լռեց հետո ցածրաձայն ավելացրեց: «Մենք նույնիսկ շնորհակալություն չենք ակնկալում»:
Նա ինձ վերջնականապես համոզեց դրանով: Ինչպե՞ս կարող էի ես կռահել հետեւանքները: Ինչպե՞ս կարող էի իմանալ, որ նրա օգնությանը կբերի այնպիսի իրադրության, որ ես ոչ մի դեպքում չպետք է լեսնրայզ անեմ:
«Իսկ ի՞նչ կասես ծաղկամանի մասին», հարցրեցի:
«Այն կընկնի վաղը առավոտյան ութ անց կեսին, տասներորդ փողոցի եւ ՄըքԱդամս բուլվարի անկյունում:»
«Տասներորդ եւ ՄըքԱդա՞մս: Որտե՞ղ է դա»:
«Ջըրսի Սիթիում», պատասխանեց նա արագորեն:
«Բայց ես կյանքումս Ջըրսի Սիթիում չեմ եղել: Ինչո՞ւ ես ինձ այդ մասին զգուշացնում»:
«Ես ի՞նչ իմանամ դու ուր ես գնում կամ ուր չես գնում», ասաց Դերգը: «Ես պարզապես զգում եմ քեզ վերաբերվող վտանգները, որտեղ էլ դրանք պատահեն»:
«Իսկ հիմա ես ի՞նչ անեմ»:
«Ինչ ուզում ես արա», ասաց նա: «Շարունակիր ապրել քո սովորական կյանքով»:
Սովորական կյանքով…
●
Ամեն ինչ իրոք նորմալ սկսվեց: Ես առաջվա նման Կոլումբիայի համալսարանում իմ դասերին էի հաճախում, տնային աշխատանքներով էի զբաղվում, կինո եւ ժամադրության գնում, խաղում էի պինգ-պոնգ ու շախմատ: Ես երբեք որեւէ մեկի որեւէ բանով ցույց չտվեցի որ վալիդուսյան դերգի պաշտպանության տակ եմ:
Օրը մեկ-երկու անգամ Դերգը գալիս էր ինձ մոտ: Նա ասում էր մոտավորապես այսպիսի մի բան՝ «Ուեսթ Էնդ Ավենյուի վրա գետնի ցանցը լավ չի ամրացված 66րդ եւ 67րդ փողոցների միջեւ: Վրայով չքայլես»:
Ես իհարկե չէի քայլում: Բայց ինչ որ մեկը քայլում էր: Ես հաճախ այդ դեպքերի մասին կարդում էի թերթերում:
Որոշ ժամանակ անց այդ վիճակին սովորեցի, եւ սկսեցի ինձ շատ ապահով զգալ: Մի այլմոլորակային էակ օրը քսանչորս ժամ ջանում էր ինձ օգտակար լինել, իր կյանքի միակ նպատակն ունենալով ինձ պաշտպանելը: Գերնորմալ թիկնապահ: Դա ինձ հսկայական ինքնավստահություն էր տալիս:
Դրա շնորհիվ ես հրաշալի հասարակական կյանք սկսեցի վարել:
Բայց Դերգը հետզհետե սկսեց ավելի ու ավելի ջանասեր դառնալ: Նա ինձ սպառնացող նորանոր վտանգներ էր գտնում, որոնց մեծ մասը, ինչպիսիք էին Մեքսիքո Սիթիից, Տորոնտոյից, Օմահայից կամ Փափիթիից խուսափելը, որեւէ իրական ազդեցություն չունեին իմ կյանքի վրա Նյու Յորքում:
Ի վերջո ես նրան հարցրեցի, թե արդյոք պատրաստվում է ինձ զեկուցել երկրագնդի բոլոր պոտենցիալ վտանգների մասին:
«Սրանք միայն մի քանիսն են, շատ քչերը բոլոր վտանգներից, որոնք կարող են քեզ վնաս պատճառել», ասաց նա:
«Մեքսիքո Սիթիո՞ւմ, Փափիթիո՞ւմ: Ինչու չես սահմանափակում քո զգուշացումները միայն տեղական վտանգներով: Ասենք Նյու Յորքում եւ արվարձաններում կատարվող դեպքերի մասին»:
«Տեղական տերմինը ինձ համար իմաստ չի կրում» համառեց Դերգը: «Իմ զգայարանները ժամանակային են, ոչ թե տարածական: Ես քեզ պետք է ամեն ինչից պաշտպանեմ»:
Իր ձեւի մեջ դա բավականին սրտառուչ էր: Հետո ի՞նչ կարող էի անել: Ես պարզապես նրա զեկուցումներից պիտի անտեսեի Հոբոքենին, Թայլանդին, Քենզաս Սիթիին, Անքոր Ուաթին (արձանի փլուզում), Փարիզին եւ Սարասոթային վերաբերվողները: Հետո, մնացած տեղական վտանգներից, կարող էի հաշվի չառնել այն բոլորը, որ կատարվելու են Քուինզում, Բրոնքսում, Սթեյթեն Այլնդում, Բրուկլինում, հիմնականում կենտրոնանալով Մանհեթենի վրա:
Չնայած երբեմն զգուշացումները շատ արժեքավոր էին: Դերգն ինձ փրկեց մի քանի շատ տհաճ միջադեպերից՝ կողոպուտից Քըսիդրալ Փարքուեյում, ծեծից եւ հրդեհից:
●
Բայց նա անընդհատ արագացնում էր տեմպը: Ամեն ինչ սկսվեց օրը երկու զգուշացումից: Մի ամիս չանցած նա ինձ զգուշացնում էր օրը հինգ-վեց անգամ: Վերջում նրա զգուշացումները՝ տեղական, ազգային, միջազգային, գալիս էին հոսքի նման:
Ինձ, անհավանականորեն, չափից շատ վտանգներ էին սպառնում:
Ահա մի սովորական օր.
«Ապականված ուտելիք Բեյքըրի Կաֆեում: Այնտեղ չուտես այս երեկո»:
«Ամստերդամի 312 համարի ավտոբուսի արգելակները վնասված են: Մի գնա ավտոբուսով»:
«Մելենի լվացքատանը գազի հոսք կա: Շուտով պայթյուն կլինի: Լավ կլինի շորերդ ուրիշ տեղ տանես մաքրման»:
«Կատաղած վայրի շուն է վազվզում Րիվըրսայդ Դրայվի եւ Սենթրալ Փարք Վեսթի միջեւ: Տաքսիով գնա»:
Շատ շուտով ես իմ ժամանակը հիմնականում ծախսում էի ինչ-որ բաներ չանելով կամ ինչ-որ տեղերից խուսափելով: Ինձ կարծես վտանգ էր սպասում ամեն քայլափոխին:
Ես սկսեցի կասկածել որ Դերգը իր զեկուցումները չափազանցում է: Դա միակ հնարավոր բացատրությունը կլիներ: Ի վերջո, մինչեւ իրեն հանդիպելը, այսքան տարի, առանց այլմոլորակային օգնության ապրել եմ բավականին նորմալ կյանքով: Ինչո՞ւ պիտի ռիսկերը հիմա այդքան աճեին:
Մի երեկո ես այդ մասին նրան հարցրեցի:
«Իմ բոլոր զեկուցած վտանգները բացարձակապես իրական են», ասաց նա ակնհայտորեն վիրավորված ձայնով: «Եթե չես հավատում, փորձիր վաղը քո հոգեբանության դասից առաջ լույսերը վառել»:
«Ինչո՞ւ»:
«Վնասված էլեկտրալարեր»:
«Քո զգուշացումների անկեղծության վրա չեմ կասկածում, հավատացրեցի ես նրան: Պարզապես համոզված եմ որ իմ կյանքը, մինչեւ քո հայտնվելը, երբեք այսքան վտանգավոր չի եղել»:
«Իհարկե չի եղել: Դու անկասկած հասկանում ես, որ պաշտպանություն ստանալով դու ստանում ես նաեւ դրա բացասական կողմերը:
«Ի՞նչ: Ինչպիսի՞ բացասական կողմեր»:
Դերգը տատանվեց՝ «պաշտպանությունը ծնում է հետագա պաշտպանության անհրաժեշտություն: Դա տիեզերական ճշմարտություն է»:
«Չհասկացա՜», ասացի ես շփոթված:
«Մինչ ինձ հետ հանդիպելը, քեզ, բոլորի նման, այնքան վտանգներ էին սպառնում, ինչքան իրադրությունն էր թելադրում: Բայց իմ հայտնվելով քո անմիջական միջավայրը փոխվեց: Եւ դրա հետ փոխվեց նաեւ քո վիճակն այդ միջավայրում»:
«Փոխվե՞ց: Ինչո՞ւ»:
«Որովհետեւ ես կամ: Դու իմ միջավայրի մի մասն ես հիմա, ինչ որ չափով, եւ նույնքանով էլ ես եմ քո միջավայրի մասը: Դու իհարկե, հասկանում ես, որ մի վտանգից խուսափելը այլ վտանգների ճանապարհն է բացում»:
«Դու ուզում ես ասել», ասացի ես բառերը հատ-հատ արտասանելով, «որ քո օգնության շնորհիվ իմ վտանգները շատացե՞լ են»:
«Դա անխուսափելի էր», հառաչեց նա:
●
Եթե Դերգն անտեսանելի ու անմարմին չլիներ, ես այդ պահին մեծ հաճույքով նրան կխեղդեի: Շատ զայրացած էի որ խաբվել եւ այդ այլմոլորակային արկածախնդրի ծուղակն եմ ընկել:
«Եղավ», ասացի ես հազիվ ինձ զսպելով: «Շնորհակալ եմ քո բոլոր արածների համար: Հիմա գնա քո Մարսը կամ որտեղ որ ապրում ես»:
«Ուրեմն էլ չե՞ս ուզում որ քեզ պաշտպանեմ»:
«Ճիշտ կռահեցիր: Գնալուց աշխատիր դուռը հետեւիցդ չշրխկացնել»:
«Բայց ի՞նչ է պատահել»: Դերգը կարծես իսկապես շփոթված էր: «Այո, ճիշտ է, որ քո կյանքում որոշ ռիսկեր ավելացել են: Բայց հետո՞ ինչ: Բա ռիսկերին դիմակայելու եւ նրանց հաղթելու փառքն ու պատի՞վը: Չէ որ ինչքան ավելի մեծ է վտանգը, այնքան ավելի մեծ է վտանգից խուսափելու ցնծությունը»:
Ես առաջին անգամ հասկացա, թե որքան օտար էր ինձ համար այս այլմոլորակային էակի մտածելակերպը:
«Ինձ համար այդպես չի», ասացի: «Հիմա չքվիր այստեղից»:
«Քո ռիսկերը աճել են», Դերգը փորձում էր համոզել, «բայց իմ վտանգներ հայտնաբերելու ընդունակությունները լիովին բավարար են այդ հարցերը լուծելու համար: Եւ ես ուրախ եմ դա անել: Այնպես որ դու ընդհանուր առմամբ շահում ես»:
Գլուխս թափահարեցի: «Ես գիտեմ հետո ինչ է լինելու: Իմ ռիսկերը շարունակելու են շատանալ, այդպես չէ՞»:
«Բոլորովին էլ այդպես չէ: Դու հասել ես միջադեպերի քանակական սահմանին»:
«Դա ի՞նչ է նշանակում»:
«Դա նշանակում է որ միջադեպերի քանակը, որոնք դու պետք է կանխես, այլեւս չի աճի:»
«Հրաշալի է: Հիմա խնդրում եմ չքվիր այստեղից»:
«Բայց ես հենց նոր բացատրեցի…»
«Իհարկե: Էլ չի աճելու, կմնա նույնը: Լսիր, երբ դու ինձ հանգիստ թողնես իմ սկզբնական միջավայրը կվերականգնվի, չէ՞: Դրա հետ էլ իմ սկզբնական ռիսկը»:
«Վաղ թե ուշ», Դերգը համաձայնվեց: «Եթե կենդանի մնաս»:
«Ես կփորձեմ»:
Որոշ ժամանակ Դերգը լուռ էր: Վերջապես նա ասաց. «Դու չես կարող ինձ հետ ուղարկել: Վաղը….»
«Ինձ մի ասա: Պատահարից ես ինքս կխուսափեմ»:
«Ես պատահարների մասին չէի մտածում»:
«Բա ինչի՞ մասին էիր մտածում»:
«Չգիտեմ ինչպես ասեմ», Դերգը կարծես ամաչում էր: «Ես նշեցի որ քանակական փոփոխություններ այլեւս չեն լինի: Բայց ոչինչ չասացի որակական փոփոխությունների մասին»:
●
«Ինչի՞ մասին ես խոսում», բղավեցի ես:
«Ուզում եմ ասել», ասաց Դերգը, «որ մի գեմփեր է քո հետեւից ընկել»:
«Ինչ է ընկե՞լ: Սա՛ ինչ չար կատակ է»:
«Գեմփերն էակ է իմ միջավայրից: Հավանաբար քեզնով հրապուրվել է իմ պաշտպանության շնորհիվ ռիսկերից խուսափելու քո ունակության համար»:
«Գրողը տանի Գեմփերին էլ, քեզ էլ»:
«Եթե նա հայտնվի, փորձիր ազատվել նրանից միսլթոյի ճյուղով: Երկաթը նույնպես արդյունավետ է, եթե միաձուլված է պղնձի հետ: Նաեւ…»
Ես ցատկեցի անկողինս եւ գլուխս մտցրեցի բարձի տակ: Դերգը երեւի հասկացավ ինչ էր արտահայտում այդ արարքս եւ մի րոպեից արդեն նրա ներկայությունը չէի զգում:
Ես ինչ հիմարն եմ եղել: Մենք, երկրացիներս ունենք մի ընդհանուր թերություն, միշտ պատրաստ ենք վերցնել մեզ անվճար առաջարկված ամեն ինչ, նույնիսկ եթե դա մեզ բոլորովին պետք չի:
Տես ինչ փորձանքներ կարող են լինել դրա պատճառով:
Բայց հիմա Դերգը հեռացել էր, եւ իմ ամենածանր փորձությունները հետեւում էին: Ես որոշ ժամանակ տեղումս կմնամ, հնարավորություն տալով որ ամեն ինչ վերականգնվի ինչպես որ կար: Եւ մի քանի շաբաթից, երեւի, ես…
Օդում ինչ որ բզզոց կար:
Ես նստեցի անկողնում: Սենյակի մի անկյունը զարմանալիորեն մութ էր եւ այդ կողմից սառը օդ էր փչում իմ երեսին: Բզզոցի ձայնն այժմ ավելի բարձր էր, այն կարծես ծիծաղ լիներ, թավ, միապաղաղ:
Այդ պահին արդեն ինձ հուշելու կարիք չկար:
«Դերգ», ճչացի, «փրկիր ինձ դրանից»:
Նա ակնթարթորեն հայտնվեց: «Միսլթո: Պարզապես ճյուղը թափ տուր Գեմփերի ուղղությամբ»:
«Ո՞ր գրողից ես հիմա միսլթո գտնեմ»:
«Այդ դեպքում փորձիր երկաթ եւ պղինձ»:
Ես ցատկեցի դեպի գրասեղանը, վերցրեցի պղնձե պրեսպապյեն եւ աջ ու ձախ սկսեցի նայել երկաթե առարկա գտնելու համար, որ կպցնեմ պղնձին: Ինչ որ ուժ քաշեց պրեսպապյեն իմ ձեռքից, բայց ես կարողացա մինչեւ ընկնելը այն նորից բռնել : Հանկարծ նկատեցի թանաքի գրիչը, եւ նրա երկաթե ծայրը մոտեցրեցի պրեսպապյեին:
Մթությունն անհետացավ: Սառը օդի հոսքը դադարեց:
Հետո ես կարծես ուշաթափվեցի:
●
«Համոզվեցի՛ր որ իմ օգնությունը քեզ անհրաժեշտ է», հանդիսավոր ձայնով ասաց Դերգը դրանից մի ժամ հետո:
«Կարծես իրոք պետք է», պատասխանեցի ես պաղած ձայնով:
«Քեզ որոշ բաներ են անհրաժեշտ», ասաց Դերգը, «վոլֆսբեյն, ամարինս, սխտոր, գերեզմանատան մամուռ…»
«Ճիշտ է: Սակայն Գրեյլերները դեռ կան: Քեզ նաեւ պետք է պաշտպանվել Լիփերից, Ֆիիգերից եւ Մելգրայզերից»:
Ես գրի առա անհրաժեշտ բույսերի, թուրմերի եւ այլ նյութերի ցուցակը: Ես նույնիսկ նրան չհարցրեցի գերբնականի եւ գերնորմալի կապի մասին: Ես արդեն լիովին եւ բացարձակապես ամեն ինչ հասկանում էի:
Ուրվականներ եւ ոգինե՞ր: Գուցե այլմոլորակայիննե՞ր: Նա ասաց որ դրանք նույն բանն են, ու ես հասկանում էի նա ինչ նկատի ուներ: Դրանք սովորաբար մեզ հանգիստ են թողնում: Մենք նույնիսկ ընկալման եւ գոյության տարբեր մակարդակների վրա ենք: Քանի դեռ մարդն այնքան հիմար չի որ իր վրա ուշադրություն հրավիրի:
Հիմա ես նրանց խաղի մի մասն եմ: Ոմանք փորձում են ինձ սպանել, մյուսները՝ պաշտպանել: Բայց ոչ մեկի, նույնիսկ Դերգի հոգը չեմ: Նրանց համար ես պարզապես խաղալիք եմ:
Եւ այս իրավիճակը լիովին իմ մեղքով էր: Ես սկզբում իմ տրամադրության տակ ունեի ամբողջ մարդկության կուտակած իմաստությունը: Այդ հզոր ռասայական ատելությունը դեպի վհուկներն ու ուրվականները, այլմոլորակայիններից իռացիոնալ վախը: Իմ արկածների նման դեպքեր հազարներով կրկնվել են մարդկության պատմության ընթացքում: Մարդիկ տարօրինակ ուժերի հետ խաղեր են խաղացել եւ այդ պատճառով շատ վատ բաներ են նրանց հետ կատարվել՝ դարձել են անհարկի ուշադրության կենտրոն :
Այսպիսով ես անբաժանելիորեն զոդված էի Դերգի հետ ու նա էլ ինձ հետ: Մինչեւ երեկ, իհարկե: Հիմա ես մեն-մենակ եմ:
Մի քանի շաբաթ ամեն ինչ համեմատաբար խաղաղ էր: Ես ժամանակին պահարանների դռները փակելով Ֆիիգերին հեռու էի պահում: Լիփերն ավելի սպառնալից էին, բայց դոդոշի աչքը կարծես նրանց կանգնեցնում էր: Իսկ Մելգրայզրը միայն լիալուսնի ժամանակ էր վտանգավոր:
«Քեզ վտանգ է սպառնում», երեկ ասաց Դերգը:
«Կրկի՞ն», հարցրեցի հորանջելով:
«Այո, իմ եւ քո հետեւից: Երբեմն նույնիսկ դերգերը պետք է վտանգների դիմակայեն»:
«Այս կոնկրետ Սրանգը վտանգավո՞ր է»:
«Լավ, ինչ ես ուզում անեմ: Օձի կաշի՞ փռեմ դռան վրա: Հնգանկյո՞ւն նկարեմ»:
«Չէ, դրանք չեն օգնի», ասաց Դերգը, «Սրանգի հետ պետք է բացառումով պայքարել, խուսափելով որոշ գործողություններից»:
Այդ պահին արդեն այնքան սահմանափակումներ կային իմ արարքների վրա, որ ևս մեկը նշանակություն չէր ունենա: «Ի՞նչ պետք է չանեմ»:
«Դու չպետք է լեսնրայզ անես», Դերգն ասաց:
«Լեսնրա՞յզ»: Ես ճակատս կնճռոտեցի: «Դա ի՞նչ է»:
«Ինչպե՞ս չես իմանում: Դա հասարակ, ամենօրյա գործողություն է»:
«Ամենայն հավանականությամբ ես դա ուրիշ անվան տակ գիտեմ: Բացատրիր»:
«Շատ լավ: Լեսնրայզ անելը դա այն...» Նա հանկարծ լռեց:
Ես հետ-հետ գնացի մինչեւ պատին կպա: Ինձ թվաց սենյակում ինչ-որ օդի շարժում կա, բայց հնարավոր է որ այդ զգացումը իմ գերլարված նյարդերի պատճառով էր:
«Դե՛րգ», բղավեցի, «Ո՞ւր ես դու: Ես ի՞նչ պիտի անեմ»:
Ես ճիչ լսեցի, եւ ծնոտների փակվելու ձայն:
Դերգը բղավեց: «Նա ինձ բռնել է»:
Սարսափելի ատամների կրճտոց լսվեց: Հետո ես հազիվ որսացի Դերգի վերջին խոսքերը՝ «լեսնրայզ չանե՜ս»:
Հիմա ես տեղումս նստած եմ: Բիրմայում մյուս շաբաթ ինքնաթիռի վթար կլինի, բայց դա ինձ այստեղ, Նյու-Յորքում չի խանգարի: Եւ ֆիիգերն էլ չեն կարող ինձ վնասել: Եթե, իհարկե, չմոռանամ պահարանների դռները փակ պահել:
Միակ խնդիրը լեսնրայզն է: Ես չպետք է լեսնրայզ անեմ: Բացարձակապե՛ս: Եթե ես որոշ ժամանակ լեսնրայզ չանեմ, ամեն ինչ կանցնի, ինձ հետապնդողները ուրիշներով կսկսեն զբաղվել: Ես պետք է դիմանամ: Ինձ միայն սպասել է պետք մինչեւ նրանք հեռանան:
Վատն այն է, որ ես գաղափար չունեմ ինչ է լեսնրայզ անելը: Դերգն ասաց՝ սովորական մարդկային գործողություն է: Ես փորձում եմ հնարավորինս սահմանափակել իմ գործողությունների քանակը:
Լավ քնեցի, հանգստացա եւ դրանից ինձ հետ բան չպատահեց: Ուրեմն դա լեսնրայզ անել չէր: Գնացի խանութ, ուտելիք գնեցի, վճարեցի, եփեցի, կերա: Դա էլ լեսնրայզ անել չէր: Այս հաշվետվությունը գրեցի, դա էլ լեսնրայզ չէր:
Ես դեռ դուրս կգամ այս իրավիճակից:
Մի քիչ պետք է ննջեմ: Կարծես մոտս հարբուխ է սկսվում: Փռշտալս գալիս է: Հափ...
Անգլերենից թարգմանեց Արտակ Քալանթարյանը